«ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ» ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

muradyandavit1

Նոյեմբերի 11-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ «Վանո Սիրադեղյան քաղաքական, պետական, հասարակական գործիչը» կլոր սեղան քննարկում։ Սիրադեղյանական օրերի շրջանակում Ավագ դպրոցի սովորողները ընթերցում են Վանո Սիրադեղյանի տարբեր ժողովածուներից հոդվածներ, վերլուծում դրանք և կլոր սեղանին ներկայացնում լսարանին՝ այդպիսով արտահայտում իրենց վերաբերմունքը, տեսակետը, դժգոհություններն ու առաջարկները։ Նոյեմբերի 11-ի կլոր սեղան-հավաքին մասնակցում էին պատվավոր ու անվանի գործիչներ, հարազատներ, սովորողներ, դասավանդողներ։ Մեզ հետ էին Խաչատուր Սիրադեղյանը՝ Վանո Սիրադեղյանի որդին, Դավիթ Մաթևոսյանը՝ հայտնի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի որդին և Վանոյի ընկերը, Արամ Մանուկյանը՝ ՀՀ պետական գործիչ և Վանոյի ընկերը։

Այսպես, որոշ սովորողներ առանձին ներկայացան, որոշները՝ խմբով։ Մենք՝ 9-րդ դասարանցիներս, ներկայացանք խմբով՝ լսարարանին ներկայացնելով Վանո Սիրադեղյանի «Երկիր Ցպահանջ» ու «Գյադաների ժամանակը» ժողովածուներից հոդվածների վերլուծություններ։ Նախ իրենց ելույթներով հանդես եկան 11-րդ և 12-րդ դասարանցիները, որոնց վերլուծությունները ինձ շատ դուր եկան։ Նրանք արտահայտում էին իրենց վերաբերմունքն ու կարծիքը ներկայացվող հոդվածների շուրջ, նաև հայտնում իրենց տեսակետները։ 

Այսպես, մեր խումբը բաղկացած էր երեք հոգուց՝ Դավիթ Մուրադյան, Մանե Հովհաննիսյան և Անգելինա Ղազարյան։ Առաջինը ես ներկայացա, համառոտ ներկայացրի իմ վերաբերմունքը Մեծ գործչի մասին, սակայն դրա վրա շատ չկենտրոնացա, քանի որ իմ ելույթից առաջ իրենց վերաբերմունքն էին հայտնել այլ սովորողներ, որոնց կարծիքի հետ համամիտ էի և կարիք չկար նորից արտահայտվելու։ Ես ընտրել էի «Կռվից դուրս գալ փոքր կորուստներով» հոդվածը։ Պատմեցի, թե ինչպես է Սիրադեղյանը վերաբերվում այն ամենին, թե ինչպես է փորձում պայքարել ու ապացուցել իր տեսակետը։ Ինձ Վանո Սիրադեղյանի գրվածքների մեջ դուր եկավ այն, որ ինչքան էլ կարճ լինի ասույթը կամ հոդվածը, միևնույն է, դրա մեջ այնքան բովանդակություն կա, այնքան մանրամասներ, որ նույնիսկ մարդ կզարմանա, թե ինչպես է նա կարողացել այդքանը տեղավորել սահմանափակ էջերի սահմաններում։

Ես փորձեցի հնարավորինս կարճ ներկայացնել իմ տեսակետը, դիրքորոշումը։ Կային վարկածներ, տեսակետներ, որոնց հետ այդքան էլ համաձայն չէի, սակայն ընդհանուր առմամբ իմաստի հետ համամիտ էի։ Միշտ սովորողը ելույթ ունենալուց առաջ լարվում է, ընկճվում, անընդհատ փորձում է վերհիշել կարևորագույն մանրամասները, սակայն առաջին անգամը չէր, որ ես այսպիսի ելույթ էի ունենում․․․կարելի է ասել՝ “սովորել եմ”, քանի որ սա նմանատիպ հինգերորդ ելույթս էր, որը ես ներկայացնում եմ հանրության առաջ։ Ես, ընդհանուր առմամբ, խոսքիս մեջ փորձել եմ ներդնել ամենակարևորը, ամենաճիշտն ու հագեցածը, փորձել եմ շատ “չձանձրացնել” ներկաներին։ Իսկ ինչ վերաբերվում է խմբին, ապա խումբը նույնպես փորձեց ներդնել ամեն ջանք ու ուժ, որպեսզի ելույթը լինի հստակ ու բովանդակալից։ Իհարկե, եղան որոշ պահեր, որոնք խանգարեցին, խոչընդոտ հանդիսացան, սակայն ելույթները հետաքրքիր էին, հագեցած փաստերով ու լայն տեղեկություններով։

Խաչատուր Սիրադեղյանի հետ․․․

Շատ ուրախ եմ, որ հերթական անգամ այսպիսի հնարավորություն տրվեց ինձ մասնակցելու։ Շատ ուրախ էի ու շատ հետաքրքրված էի հյուրերի, սովորողների վերլուծություններով, պատումներով, խոսքերով։

Դավիթ Մուրադյան

Author: 9thgrade

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։