Նյութը՝ Մարիաննա Գևորգյանի բլոգում
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը Գինու դպրոցի սեբաստացիների համար սիրելի վայր է, որովհետև այստեղ է գտնվում մեր մշտական գործընկեր Alluria Wines գինու գործարանը, ուր միշտ սիրով ենք այցելում։
Բնական գինեգործությամբ զբաղվող Ալլուրիայի գինեգործները ոչ միայն խաղողն օգտագործում են որպես գինու հումք, այլև օգտագործում են խաղողի ողջ շնորհը՝ կորիզից, մաշկից, գինենյութի մնացորդներից սկսած։ Խաղողագործություն, էկոտուրիզմ, ագրոտուրիզմ, գինու հետ առընչվող ցանկացած բնագավառ ուսումնասիրված է, և ներկայացնում են մեզ՝ որպես մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ, պատասխանում են սովորողների բազմաբնույթ հարցերին, ցույց են տալիս բոլոր նորությունները, պատմում առաջընթացի իրենց փորձի մասին։
Ալլուրիան այն գետն է, որի ջրերը սնել են Վանա լճի շրջակայքում տեղակայված խաղողի այգիները։ Այս այգիներից բերված կտրոններին փորձում են նոր կյանք տալ Ալլուրիայի հիմնադիրները, և այս գետի անունով էլ անվանակոչել են իրենց խենթ գինուն։
Այս անգամ գործարանը կիսով չափ տեղափոխվել էր այգիների մոտ, կառուցվել էր մեծ համտեսի սրահ, խոհանոց, մառաններ։ Այս նոր մոտեցումը ավելի բովանդակալից ու ուսուցողական դարձրեց մեր այցը։
9-րդ դասարանցի Սեդան ու Հասմիկը հետաքրքրված են գինու տուրիզմով ու գտան վայր, ուր կարող են իրենց ամառային արձակուրդներին ձեռք բերել բովանդակալից աշխատանքային պրակտիկա։ Գինու դպրոցի ուսանողներ Մանվելն ու Սամվելը իրենց ապագան տեսնում են խաղողագործության ու գինեգործության մեջ, ու Ալոլուրիա այցելությունն ամեն անգամ ավելի է խորացնում կողմնորոշումը։ 9-րդ դասարանցիներ Խաչիկը, Ալբերտը, Միլան, Անիտան արտադրական ուսուցման միջոցով ձեռք են բերում իրենց համար նոր ու հեռանկարային մասնագիտությունների օրինակներ, որոնցով հնարավոր է ապագայում շարունակել կրթությունը։ Մեզ միացած Քոլեջի մարկետինգի բաժնի ուսանողների հարցերն ու դիտարկումները ևս նոր փորձառություն էին, որոնց մասին հիմնադիրը մանրամասն ու հանգամանորեն խոսեց՝ ստեղծելով նոր հետաքրքրություն գինու մարկետինգի շուրջ։
Կարճ բայց խոսուն անդրադարձը՝ Գինու դպրոցի ինստագրամի էջում։