Դասավանդող՝ Նունե Մովսիսյան
Ալիսա Հակոբյանի պատրաստած ձայնանյութը՝ Կանթեղում:
Գրաբար
Նայեաց սիրով, Հայրդ գթած,
Ի քո ստեղծեալ գործս ձեռաց.
Եւ զբանակս հրեշտակաց
Տուր պահապան մեզ տկարացս,
Փրկեա զանձինս ի փորձանաց,
Ի խաւարի շրջող դիւաց.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Էին անեղ, անսկզբան`
Ծնունդ անճառ Որդի և Բան.
Որ արարեր զտիւ գործոյ
Եւ զգիշեր ի հանգիստ քնոյ.
Տուր ի ննջել` աչաց մարմնոյ,
Արթուն լինել մեզ ըստ հոգւոյ.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Րաբուն հոգւոց բանաւորաց,
Աղբիւր լուսոյ, բաշխող շնորհաց.
Ի փակիլ դրանց բնութեանց մարմնոց,
Լոյս տուր աչաց սրտից մերոց.
Ի գիշերաց առ քեզ կանխել,
Ընդ հրեղինացն օրհնաբանել.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Աշխարհաբար
Ո՛վ գթառատ Հայր,
սիրով նայի՛ր Քո ձեռքերի ստեղծածներին
և մեզ՝ տկարներիս, պահապան տո՛ւր
բանակները հրեշտակների։
Փրկի՛ր մեր անձերը փորձանքներից,
խավարի մեջ շրջող դևերից,
որպեսզի գիշեր ու ցերեկ
անդադար փառք տանք Քեզ։
Անստեղծ և անսկիզբ Աստծո
անճառելի Ծնունդ, Որդի՛ և Բա՛ն,
որ ցերեկը աշխատելու,
իսկ գիշերը հանգստյան քնի համար ստեղծեցիր,
մեր մարմնի աչքերը թող ննջեն,
բայց հոգով մնանք արթուն,
որպեսզի գիշեր ու ցերեկ
անդադար փառք տանք Քեզ։
Բանական հոգիների վարդապետ,
լույսի աղբյուր, շնորհների բաշխող, Սո՛ւրբ Հոգի,
մեր մարմնեղեն դռները փակվելիս՝
լո՛յս տուր մեր սրտերի աչքերին, որ
գիշերները կանուխ արթնանանք
և հրեշտակների հետ Քեզ օրհնաբանենք,
որպեսզի գիշեր ու ցերեկ
անդադար փառք տանք Քեզ։