Նյութը՝ ուսուցչի բլոգում
Միացեք գինեգործության ինստագրամյան էջին։
instagram-ում էլ տեսանյութ ունենք
«Որպեսզի Հայաստանը դառնա գինի արտահանող առաջատար երկիր, պետք է շատ աշխատել, կան բոլոր պայմանները՝ լավ հող, ջուր, արև, խաղող, կամք և աշխատանք սիրող մարդ: «Վան Արդիի» հաջողության գրավականը հենց սա է»,- ասում է գործարանի հիմնադիր, գինեգործ Վարուժան Մուրադյանը:
Մարտի 16-ին Գինու դպրոցի սովորողները գնացին հերթական բացահայտման ետևից։ Չնայած անձրևոտ եղանակին, մեր այսօրվա օրը ջերմացավ Վանի արևով։
«Վան Արդի»-ն բուտիկ գործարան է՝ հայկական խաղողագործական կենտրոններից մեկում՝ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում։ 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողները Միջին դպրոցի իրենց ընկերների հետ այցելեցին ծանոթանալու այս մասշտաբների ու ոճի գինեարտադրության հետ։ Խաղողի վազերին նման մոտեցում ցուցաբերում է միայն «Վան Արդի»-ն․ տեսնելու բան է այգու կենտրոնի զանգակատունը, որը պարբերաբար զնգում ու զգոն է պահում վազերին։ Գործարանի մառանում մշտապես Արամ Խաչատրյան է հնչում․ Վան Արդի գինիներն են այդպես ցանկանում։
Գործարանը հագեցած է ժամանակակից բոլոր սարքավորումներով, բանիմաց աշխատակիցներով, զբաղեցնում է բավականին մեծ տարածք ու ունի սպառման մեծ ծավալներ։ Սասունիկցիները գրեթե ամբողջ տարին աշխատում են այգիներում ու գործարանում, որ Վան Արդին չուշանա հանկարծ։
«Վան Արդի»-ից վերադարձել ենք նոր գիտելիքներով, հմտություններով, ընկերներով հարստացած, աչքներս շոյված, ու վերադառնալու սպասումով։