Ե՜ս եմ հիմա – մի պոետ և իմ անունը – Չարենց –
Պիտի վառվի դարերում,պիտի լինի բա՛րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝դեպի վառվող ապագան…
Մարտի 13-ը հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։ Օրն այսօր Չարենցյան էր, Չարենցոտ էր, լիքն էր Չարենցով: Բանաստեղծի ծննդյան օրվան նվիրված միջոցառումները շատ-շատ էին՝ քայլք, թափառիկ ընթերցումներ, մեծ գրողի տուն-թանգարանում՝ միջոցառում….Մեր դասարանում էլ օրը տոնական էր, բոլորը իրար շնորհավորում էին մեծ բանաստեղծի ծննդյան օրվա կապակցությամբ: Եվ մենք Չարենցին նվիրեցինք մեր չարենցաշատ դասը: Ուղիղ մեկ ժամ դասարանում Չարենց էր հնչում: Բոլոր սովորողներն էլ շատ ոգևորված էին: Կարդացինք բանաստեղծություններ, ներկայացրինք Չարենց մարդուն, բանաստեղծին: Ռուբեն Զարյանի «Մայրամուտից առաջ» գրքից կարդացինք ու քննարկեցինք փոքրիկ հուշ-պատմություններ Չարենցի մասին՝ Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…, Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն, Եղա՞վ, Եղիշ ջան, աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ»:
Հետաքրքիր էր շատ:
Ու նորից բոլորիս անունից՝ շնորհավոր, մեծն Չարենց:
Իռեն Բադալյան, 9-2 դասարան