Գյումրի ճամփորդել ենք շատ անգամներ, ու ամեն անգամ գյումրին տպավորվել է իր գույնով։ Այս անգամ Գյումրին սպիտակ էր․․․երևի, քաղաքում դպրոցների մոտ կուտակված սպիտակ վերնաշապիկներով սովորողների պատճառով էր, կամ Գորկու այգում Գյումրուն վերևից նայող ատրակցիոնների․ չգիտեմ, Գյումրին երեկ սպիտակ էր։
Ճանապարհը վաղ առավոտից ենք սկսում․․․ նախորդ օրվա երեկոյան արդեն ուրախ էի, փոքր երեխայի նման ուրախանում եմ գնացք նստելու մտքից։
7:30 արդեն կայարանի դռների մոտ էինք, հավաքվեցինք միանգամից, թեկուզ քնաթաթախ, բայց ուրախ տրամադրվածությամբ։
Սովորողներից շատերն առաջին անգամ էին գնացք նստում, շատերն առաջին անգամ էին ճամփորդում, կային սովորողներ, որ առաջին անգամ միայնակ ինչ-որ տեղ էին գնում։ Խառն ու հետաքրքիր էմոցիաներով, ծնողների ճանապարհող հայացքով գնացինք Գյումրի։ Նախապես ասեմ, որ դեպի Գյումրի ու Գյումրուց Երևան տրամադրությունները տարբերվում էին 180 աստիճանով։
Միտքը, որ սովորողների հետ ենք ճամփորդում ավելի էր զգաստացնում ու պարտավորեցնում, վերջիվերջո, պետք է ապացուցեինք, որ ճամփորդելը հրաշալի է․․․
միակ տրանսպորտային միջոցը, որից օգտվել ենք դա գնացքն էր, հաջորդիվ քայլել ենք, ու միայն քայլել․․․․
Առաջին քայլը դա ծանոթությունն ու ճանապարհից մի քիչ հանգստանալն էր։ Այգում, հողին նստած, հետաքրքիր հայացքների ներքո սկսեցինք ծանոթությունը։ Հիմա կասեք, ինչու ենք անընդհատ ծանոթանում, ասեմ․ սիրում եմ տարատարիք խմբերին ու միշտ չէ, որ բոլորն իրար ճանաչում են․․․ծանոթության շրջանը էֆեկտիվ տարբերակ է․․․․
Քարտեզով, իսկ մեր բոլորի մոտ կային քարտեզներ, գտանք Ձիթողցոնց տուն-թանգարանի տեղը՝ մի քանի քայլ դեպի կենտրոն :
Թանգարանում իմ ոգևորությունն ավելին էր, քան երբևէ․․․ մշակույթ, գեղեցիկ իրեր, պատմություն ու գույներ, որոնք կտեսնեք նկարաշարում։
Գորկու այգում, արդեն սովորույթի ուժի համաձայն գնում ենք, որ Գյումրին վերևից տեսնենք։ Գյումրի, այստեղ ամեն ինչ հասանելի է․․․Սատանի օղակ կոչվող դանդաղաշարժ շրջանակը բացում է Գյումրվա ողջ գեղեցկությունը։
վարպետաց փողոցը, <<Մեր մանկության տանգոյի>> պատշգամբը, հին վարսավիրանոցը, կամարներն ու դռները, տների բարձր առաստաղները․․․քաղաքը եռում էր, քաղաքում սեպտեմբերի մեկ էր ու փուչիկներ, քաղաքում երեխաների տխուր, հոգնած, ծնողների գոհ ու ամեն ինչին պատրաստված դեմքերն էին, քաղաքում մենք էինք ու մեր գունավոր աչք ծակող կերպարները։
Գյումրի ժամանելուն պես սովորողներին տրվեցին առաջադրանքներ, լուսանկարելու Գյումրու ճարտարապետությունը, դռները, եկեղեցիներն ու հոգևոր մշակույթը, փողոցային նկարները, մարդկանց․․․․
Հիանաալի նորություն էր ինձ համար Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցումը։
Սովորողների պատումները՝ շուտով։