Այսօր իններորդցիների գրականության ստուգատեսի օրն էր: Ստուգատեսը կրթահամալիրում առանձնանում է իր՝ սովորողին ընձեռած հնարավորություններով: Սովորողը ներկայացնում է բլոգային, նախագծային աշխատանքները, վերլուծական, ստեղծական հմտությունները՝ հեռու անգիրով ստուգման սկզբունքներից:
Որպես մասնագիտական կողմնորոշման ծրագրի ներկայացուցիչներ՝ իններորդցիներն այս տարի իրենց նախընտրած գրականությունը ներկայացնելիս հատուկ ուշադրություն էին դարձնում նաև մասնագիտական գրականության ընթերցանությանը: Մեր համատեղ աշխատանքի ուղղություններից մեկն այս տարի եղել է ըստ նախընտրած մասնագիտությունների՝ սովորողի համար մասնագիտական գրականության առանձնացումը (համապատասխան մասնագետների հետ խորհրդակցությամբ), որակյալ մասնագիտական գրականության որոշման և արդյունավետ ընթերցման հմտությունների ամրապնդումը, ինչը ենթադրում էր ծավալուն, հետևողական աշխատանք, խիստ անհատականացված մոտեցում յուրաքանչյուրին: Կարծում եմ՝ ոգևորիչ արդյունքներ ունենք: Ապահովելով հանդերձ իններորդ դասարանցու համար առաջադրվող, պահանջվող արդյունքները՝ սովորողներից շատերն էին դիմել ստեղծական մոտեցման իրենց ձեռք բերածը ներկայացնելիս: Մեկը ֆանտաստիկ վեպ էր հեղինակել, պատրաստվում էր այն դարձնել կոմիքս, մյուսը՝ մեր մանկավարժական հանդեսից գտել իր մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան հոդվածներ, կարդացել, վերլուծել, երրորդն ուզում էր իրավաբան դառնալ և քրեական դաշտն աղերսում էր դետեկտիվների աշխարհին ու հանցագործ կերպարների հոգեբանությանը, չորրորդը պատմում էր սկանդինավյան դիցաբանության շուրջ անհատական նախագծի ու ծրագրավորմանը նվիրված մասնագիտական գրականության ընտրության մասին: Ստուգատեսի նման ձևաչափը ինքնուրույնության ու ստեղծականության, հավեսի հարթակ է ստեղծում: