«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Գրականության բանավոր քննությունը 9-րդ դասարանում
Սովորողը գալիս է քննության սեփական, լիցքավորված թվային գործիքով, որն օգտագործում է պատրաստվելիս և իր աշխատանքը ներկայացնելիս:
Քննությունը հիմնվում է տարվա ընթացքում սովորողի կատարած աշխատանքի (բլոգում հրապարակած վերլուծություններ, պատումներ, ձայնագրություններ, տեսագրություններ…) և ձեռք բերած կարողությունների գնահատման վրա:
Ստուգումը և գնահատումը կատարվում են ըստ հանրակրթության պետական չափորոշչի՝ հիմնական դպրոցն ավարտողին ներկայացվող ընդհանրական պահանջների
- լիարժեք հաղորդակցվի հայերեն,
- կառուցի գրագետ բանավոր խոսք,
- ըստ էության ընկալի ուրիշների խոսքը, կարողանա հակիրճ և պարզ արտահայտել սեփական մտքերն ու տեսակետները,
- սահուն ու արտահայտիչ կարդա և պատմի,
- գրավոր շարադրի սեփական մտքերն ու կարդացած անծանոթ տեքստերը,
- գրի վերլուծություններ,
- կատարի հանձնարարված գրականության վերլուծություններ,
- զանազանի գեղարվեստական արժեք ներկայացնող գրականությունը ցածրորակ գործերից:
Գնահատումը կատարվում է 20 բալանոց համակարգով:
Հարցատոմսը կազմված է երեք առաջադրանքից: Երրորդ առաջադրանքն ունի երկու ենթահարց:
Առաջադրանք 1-ին: Սովորողն իր բլոգում ցույց է տալիս տարվա ընթացքում իր կատարած աշխատանքը՝ գրականության էջը: Այս էջը բլոգում առանձնացված է, և քննող ուսուցիչը, ընթերական, հանձնաժողովի նախագահը նախօրոք տեղեկանում են սովորողի տարվա ընթացքում կատարած աշխատանքին: Սովորողը պատասխանում է այս աշխատանքի հետ կապված հարցերին (առավելագույնը՝ 8 միավոր)։
Առաջադրանք 2-րդ: Սովորողն ընտրում է տարվա ընթացքում կատարած՝ իր կարծիքով ամենահաջողված նախագիծը և ներկայացնում այդ աշխատանքը՝ ինչպես կատարեց, ինչ տվեց իրեն, ինչով է առանձնացվել հենց այդ նախագիծը: Պատասխանում է հարցերի: (Առավելագույնը՝ 4 միավոր)
Առաջադրանք 3. Ընթերցման համար տրվում է գրական փոքրածավալ տեքստ, որն ունի երկու ենթահարց: Յուրաքանչյուր ենթահարց գնահատվում է առավելագույնը 4-ական միավորով:
Մշակումը՝ Մարիետ Սիմոնյանի